ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ընդունել է Աթենքի ազգային տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իոաննիս Կ. Չատջիգեորգիուին

Iravaban.net-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից տեղեկանում է՝ Պոլիտեխնիկն ու Աթենքի ազգային տեխնոլոգիական համալսարանը ձևավորում են համագործակցության նոր հորիզոններ՝ գիտության, կրթության և նորարարության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հիմք ստեղծելով։ Այս գործընկերությունը միավորում է երկու երկրների գլխավոր տեխնոլոգիական բուհերի փորձը, ակադեմիական ներուժն ու միջազգային կապերը՝ նպատակ ունենալով զարգացնել փոխադարձ հետազոտական ծրագրեր, ուսանողական և դասախոսական շարժունություն, ինչպես նաև նորարարական լուծումների փոխանակում։ Հանդիպումը խորհրդանշական սկիզբ է դնում Հայաստանի և Հունաստանի առաջատար տեխնոլոգիական կրթական հաստատությունների միջև համագործակցության նոր փուլին։

«Սա հիանալի է։ Երբ ունեք երիտասարդ գործիչներ և երիտասարդ աշխատակազմ, դա լավատեսական է համալսարանի ապագայի համար»։

Այս խոսքերով մեկնարկել է Աթենքի ազգային տեխնոլոգիական համալսարանի (NTUA) ռեկտոր, պրոֆեսոր Իոաննիս Կ. Չատջիգեորգիուի հանդիպումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի և պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի հետ։ Հույն հյուրն այցելել էր Պոլիտեխնիկ՝ մասնակցելու «Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորումին», ինչը նաև դարձել էր հրաշալի առիթ՝ համագործակցության կամուրջ ստեղծելու Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական բուհի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեղեկություններ համալսարանների կառուցվածքի, կրթական և գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև միջազգային ներգրավվածության մասին։ Հատկանշական է, որ երկու համալսարանների անգլերեն հապավումները տարբերվում են ընդամենը մեկ տառով՝ NPUA և NTUA։ Ռեկտոր Վարդանյանը, պատասխանելով հյուրի հետաքրքրությանը, ներկայացրել է «Պոլիտեխնիկ» անվան պատմական և գաղափարական ակունքները։

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր. «Մենք տեխնոլոգիական հիմնադրամ ենք, որն ընդգրկում է կրթական ամբողջ շղթան՝ մանկապարտեզ, հիմնական ու ավագ դպրոցներ, բակալավրիատ, մագիստրոսական և ասպիրանտական կրթություն: Մեզ մոտ ներառված է տեխնոլոգիական կրթության ամբողջ սպեկտրը՝ ՏՏ, տվյալագիտություն, համակարգչային գիտություն, արհեստական բանականություն, բլոկչեյն տեխնոլոգիա: Իհարկե, նաև էներգետիկա, հանքարդյունաբերություն, քիմիական ճարտարագիտություն, մեխանիկական ճարտարագիտություն, դիզայն, տրանսպորտ… Այնպես որ, վստահաբար, համագործակցության լայն դաշտ ունենք»։

Իր հերթին, Աթենքի ազգային տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Իոաննիս Կ. Չատջիգեորգիուն բարձր է գնահատել Պոլիտեխնիկի կազմակերպական մակարդակը և միջավայրը․

«Ես նմանություններ եմ գտնում ձեր և մեր համալսարանների միջև։ Ինչը որ տեսա, առաջին տպավորությամբ՝ կատարյալ է։ Ես զգում եմ, որ այստեղ ամեն ինչ կազմակերպված է, շատ լավ կազմակերպված: Ու դա սպասելի է, քանի որ, երբ շատ երիտասարդներ ունեք, ու նրանք մեկտեղված են փոքր տարածքում՝ ինչ-որ լավ բաներ տեղի են ունենում»։

Նշվեց, որ Աթենքի տեխնոլոգիական համալսարանում գործում է 9 ինստիտուտ, իսկ այժմ ռեկտոր Չատջիգեորգիուն մտադիր է հիմնել նաև տասներորդը՝ տնտեսագիտական ուղղությամբ։ Քանի որ ՀԱՊՀ-ն այդ ոլորտում ունի կուտակված փորձ, ռեկտոր Գոռ Վարդանյանը խոստացել է աջակցել նոր ինստիտուտի ձևավորման գործընթացում։

Հյուրը, իր հերթին, ընդգծել է, որ NTUA-ն կարողանում է զգալի ֆինանսական միջոցներ ներգրավել հետազոտական աշխատանքների համար և պատրաստ է այդ փորձը կիսել Պոլիտեխնիկի հետ։

Գործակցության հիմնական ուղղությունները ներառում են գիտական և հետազոտական համագործակցության խորացումը, Erasmus+ և այլ միջազգային ծրագրերի շրջանակում ուսանողների, դասախոսների ու հետազոտողների շարժունության ընդլայնումը, ինչպես նաև զարգացման նախաձեռնությունների իրականացման գործում փոխադարձ աջակցությունն ու փորձի փոխանակումը։

Սարգիս Ասատրյանց, Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր. «Անկասկած, Հայաստանի և Հունաստանի հնագույն տեխնոլոգիական բուհերի համագործակցությունը երկուսիս էլ կուժեղացնի։ Այս այցի իրական գնահատականը կուզեի տալ առաջին արդյունքները գրանցելուց հետո։ Իսկ առաջին, ամենապարզ արդյունքը կլինի ուսանողների և դասախոսների փոխանակումը։ Դրա շնորհիվ կուրվագծվեն գործակցության կոնկրետ ուղղությունները»։

Հանդիպման ավարտին հույն ռեկտորը նշել է, որ արդեն պատրաստակամություն ունի Պոլիտեխնիկ գործուղել Աթենքի համալսարանի մասնագետներին, որոնք կանցկացնեն համատեղ հետազոտություններ՝ օգտագործելով Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի հնարավորությունները։

Leave a Comment