Անչափահասների նկատմամբ սեռական բռնության աճ Հայաստանում ·

2024 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 98 և ֆիզիկական բռնության 101 դեպք։ Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության գործերով աճ է նկատվել հատկապես որոշ հոդվածների մասով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անչափահասների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ու սեռական բռնության ցուցանիշների միտումները՝ 2021-2025թթ․ ընթացքում։

Այսպես, 2023 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 90 և ֆիզիկական բռնության 96 դեպք։ Նախորդող տարիներին այս ցուցանիշներն ավելի ցածր են եղել․ 2022 թվականին՝ սեռական բռնության 51 դեպք, ֆիզիկական բռնության 49 դեպք։

Այս տարվա հունվար-հուլիսի տվյալներով արդեն իսկ սեռական բռնության 49 դեպք է գրանցվել, ֆիզիկական բռնության՝ 72 դեպք։ 

Ֆիզիկական ու սեռական բռնության  հոդվածներով արձանագրված դեպքերի ամբողջական վիճակագրական պատկերը ներկայացված է կից աղյուսակում։ 2022 թվականի հուլիսի 1-ից վիճակագրությունը վարվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունները։ Մինչ այդ հիմք է ընդունվել 2003 թվականին ընդունված օրենսգիրքը։

Գրանցված դեպքերը 2025 (7 ամիս) 2024 2023 2022 2021
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը (Հոդված 117) 0 0 1
Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը (Հոդված 106*) 1
Սպանություն (Հոդված 155,104*) 20 13 18 4 3
Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանություն (Հոդված 157) 2 1 1
Առողջությանը ծանր վնաս պատճառելը (Հոդված 166, 112*) 7 11 7 5 4
Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (Հոդված 167,113*) 22 23 15 7 2
Առողջությանը թեթև վնաս պատճառելը (Հոդված 171,117*) 20 46 38 11 11
Ծեծը (Հոդված118*) 21 39
Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը(Հոդված172) 1 7 10 1
Բռնաբարությունը (Հոդված138*) 3
Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները ( Հոդված 198, 139*) 22 39 38 27 12
Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (Հոդված  199) 1 8 5 1
Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ (Հոդված 200,141*) 15 31 28 17 24
Անառակաբարո արարք կատարելը (Հոդված 201,142*) 11 20 19 6 16

*Այս նշումով հոդվածները վերաբերում են 2003 թվականի Քրեական օրենսգրքին։

FIP.am-ը ուսումնասիրել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի տվյալները՝ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական վարույթների մասով։

Ըստ այդմ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քննվել և դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքով 3, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 6 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 20 քրեական վարույթ։

Նույն ժամանակահատվածում կարճվել է ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 8, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 14, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 57 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 25 քրեական վարույթ։

2024 թվականին դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 8, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 1, ֆիզիկական ներգործության դեպքերով 27 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 30 քրեական վարույթ։

Նույն ժամանակահատվածում կարճվել է՝ ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 10, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 26, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 105 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ։

2023 թվականին դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 5, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 2, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 10 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ։ Նույն ժամանակահատվածում կարճվել է՝ ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 7, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 15, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 50 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 4 քրեական վարույթ։

Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի աճի միտում կա։ Այդ միտումը արտացոլված է ինչպես հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված ու կարճված քրեական վարույթների վիճակագրությունում։  

Գայանե Մարկոսյան

Leave a Comment