
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են գալիք տարվա պետական բյուջեի համապատասխան հատվածները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով գալիք տարվա բյուջետային հատկացումներին և իրականացվելիք ծրագրերին, նշել է, որ 2026 թվականին կառույցին նախատեսված է հատկացնել մոտ 7 մլրդ 568 մլն դրամ:
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ 2026 թվականին հանրապետության 70 համայնքներից 46-ում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, լինելու են նաև խորհրդարանական ընտրություններ:
«Ընտրական բուռն տարին է պատճառը, որ ԿԸՀ բյուջետային հայտը 2026 թվականի համար շատ մեծ է՝ 7 մլրդ 568 մլն դրամից մի փոքր ավելի:
ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2,5 մլրդ դրամ, ԱԺ ընտրությունների համար՝ 4 մլրդ 451 մլն դրամ: 2021 թվականին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2,8 մլրդ դրամի կարգի գումար»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահը նշել է, որ կառույցը հավելյալ 30 մլն դրամի կարիք ունի՝ կոնֆերանսի իրականացման համար: 2024 թվականին Հայաստանի ԿԸՀ-ն ընտրվել է Ընտրական մարմինների միջազգային ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ: Նախատեսվում է, որ 2026 թվականի մարտին Հայաստանում կանցկացվի ասոցիացիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում ՀՀ կժամանեն 18 երկրի ԿԸՀ ներկայացուցիչներ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ