Ճամայկայում ավերածություններից հետո «Մելիսա» փոթորիկը հասել է Կուբա

Քաղաքականություն

29.10.2025 | 16:44

Հզոր «Մելիսա» փոթորիկն անցել է Ճամայկայով՝ հարվածելով կղզու հարավարևմտյան հատվածին, և նախքան Կուբա հասնելը՝ 5-րդ կատեգորիայից թուլացել է մինչև 3-րդ կատեգորիայի, գրում է Euronews-ը։

Փոթորկի հարվածը Ճամայկայում հանգեցրել է ջրհեղեղների, սողանքների և ավերածությունների։ 500,000 մարդ մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Քամու առավելագույն արագությունը հասել է 295 կմ/ժ-ի։

«Մելիսա»-ն Ճամայկային հարվածած ամենահզոր փոթորիկն է դիտարկումների պատմության ընթացքում։ Վնասի չափերի ու տուժածների մասին տվյալները ճշտվում են։ Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը երկիրը հայտարարել է աղետի գոտի։

Կուբայի իշխանություններն էլ հայտնել են, որ ավելի քան 735,000 մարդ է տարհանվել։ Հորդառատ անձրևներն արդեն ջրհեղեղներ են առաջացրել Սանտյագո դե Կուբա նահանգում։

Կուբայից հետո «Մելիսա»-ի հարվածի վտանգի տակ կհայտնվեն Բահամյան ու Բերմուդյան կղզիները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment