
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում․
«Հարգելի՛ համանախագահներ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանին մասնակցելու առիթով: Սա կարևոր հարթակ է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար: ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում։ Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման և բարեփոխումների ճանապարհը և հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին։ Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում։ Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը: Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Հայաստանը հանձնառու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը: Միաժամանակ վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված «Գործընկերության նոր օրակարգ» փաստաթուղթը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը։ ՀՀ Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք։ Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, և մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը։
Հարգելի՛ գործընկերներ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանի ընթացքում անդրադարձել էի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ հայտնելով, որ կողմերը համաձայնության հասնելու շեմին են: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ Հռչակագիր: Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը: Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է: Չնայած դրան շարունակում են մնալ չլուցված մի շարք մարդասիրական հարցեր. Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց, ռազմագերիների ճակատագրի պարզաբանումը: Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու»՝ TRIPP նախաձեռնության իրականացումը: TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի ու հարակից երկրների միջև: Այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսին Երևանում հյուրընկալելու առիթով։ Ներկայումս նախապատրաստվում ենք ևս մեկ խոշոր միջազգային միջոցառման համար, որը նույնպես տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի աշնանը։ Խոսքը ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի՝ COP-17-ի մասին է։ Հաջորդ տարին կարևոր է նաև մեր երկրի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից։ 2026թ. հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները։ Հարգելի՛ գործընկերներ, Եվս մեկ անգամ ողջունելով Ձեզ Երևանում՝ մաղթում եմ արդյունավետ քննարկումներ»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ