ԱՄՆ-ը մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի հետ առաջին աշխատանքային խմբերը կստեղծի

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ, ադրբեջանական Report-ին հայտնել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

«ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը», – փոխանցել են Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը և գործնական քայլերը՝ սահմանազատման, ականազերծման և TRIPP-ի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։

Պետդեպը նաև բարոձր է գնահատել իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն արտոնելու Ադրբեջանի վերջին որոշումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։

«ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների համար», – ադրբեջանական գործակալությանը փոխանցել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

Leave a Comment