Գերմանիայում ավելանում է ընտանեկան բռնության ենթարկված տղամարդկանց թիվը

2024 թվականին Գերմանիայում ընտանեկան բռնության զոհ դարձած 751 տղամարդ դիմել է մասնագիտացված ապաստարանների օգնությանը։ Սա շուրջ 41 տոկոսով ավելի է, քան 2023-ին, երբ նման կենտրոններ դիմել էր 533 տղամարդ։ Այս մասին տեղեկացնում է Դոյչե Վելլեն՝ հղում անելով Բեռլինում գործող Տղամարդկանց նկատմամբ բռնությունից պաշտպանության ֆեդերալ կոորդինացիոն կենտրոնին (BFKM)։

Ըստ վիճակագրության՝ նման կենտրոնները արդեն գերծանրաբեռնված են․ 256 տղամարդու մերժել են տեղավորման հարցում՝ տեղերի բացակայության պատճառով։ Դիմածներից միայն 126-ին է հաջողվել տեղավորվել ապաստարաններում, 134-ը սահմանափակվել են խորհրդատվությամբ, իսկ մյուսները դադարեցրել են կապը կենտրոնների հետ։

Հրապարակման համաձայն՝ ապաստարաններում տեղավորված տղամարդկանց մեծ մասը ենթարկվել է մեկից ավելի տեսակի բռնության․

  • 88 տոկոսը՝ հոգեբանական բռնության,
  • 71 տոկոսը՝ ֆիզիկական բռնության։

Բռնության գործադրողը 66 տոկոս դեպքերում եղել է կին, 24 տոկոսում՝ տղամարդ, իսկ որոշ դեպքերում նշվել են «տարբեր սեռերի ներկայացուցիչներ»։
Ամենահաճախ բռնությունը տեղի է ունեցել գործող հարաբերությունների շրջանակում․ ըստ BFKM-ի հաշվարկների՝ բռնության առաջին դրսևորումից մինչև տղամարդկանց դիմելը սովորաբար անցնում է մոտ երկու տարի։

Նույն տարում՝ 2024-ին, Գերմանիայի կանանց ապաստարանների աշխատանքը համակարգող Frauenhauskoordinierung e.V. կազմակերպության տվյալներով՝ ընտանեկան բռնությունից խուսափելու համար ապաստարաններ են դիմել մոտ 13 700 կին և 15 300 երեխա։ Սակայն նրանցից գրեթե երրորդ մասը չի կարողացել տեղավորվել և ստիպված է եղել ապաստան որոնել այլ քաղաքներում կամ երկրամասերում։

Leave a Comment