
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին բավականին հարուստ է սեփականությունների առումով:
«Բավականին հարուստ է, եթե չեմ սխալվում՝ 600-700 անուն անշարժ գույք կա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հարցին՝ օրինակ, Հովհաննավանքի սեփականությունն ո՞ւմն է պատկանում՝ եկեղեցո՞ւն, թե՞ պետությանը՝ Թովմասյանը պատասխանել է, թե չի հիշում՝ ինչ իրավունքով է փոխանցված եկեղեցուն:
«Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եմ ճշտել և ասել»,- հավելել է պաշտոնյան:
Թովմասյանը նաև նշել է, որ, ըստ օրենսդրության, առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան այնպիսի գույքեր, որոնց համար վճարվում է գույքահարկ։
«Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես ՀՀ-ն։ Դրանից հետո համապատասխան օրենքներով տրվել են իրավունքներ այդ թվում և մեզ՝ բոլորիս, որոնք ստացել են գյուղատնտեսական, տնամերձ հողամասեր։ Այո՛, ՀՀ-ում գտնվող հողերը եղել են պետության սեփականությունը և ՀՀ կառավարությունն է որոշել, թե հողերի բաշխումն ինչպես պետք է տեղի ունենա»,- նշել է նա՝ մանրամասնելով, որ նախկինում այդ բոլոր եկեղեցապատկան հողերը եղել են պետության սեփականությունը:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ