Վիեննայում տեղի ունեցած Միգրացիայի միջազգային համաժողովում քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր


Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հոկտեմբերի 21-22-ը Վիեննայում մասնակցել են միգրացիայի 10-րդ միջազգային համաժողովին։


 


Վիեննայի միգրացիայի համաժողովը միջազգային միգրացիոն քաղաքականության առաջատար հարթակներից է, որի կազմակերպած նիստերն առանձնանում են խորքային վերլուծությամբ՝ ընդգրկելով միջազգային միտումների վերափոխման, տնտեսական վերադասավորումների, աշխատաշուկայի ճնշումների և երկարաձգվող հակամարտությունների հետևանքով առաջացող մարտահրավերները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝


 


– ԵՄ միգրացիայի և ապաստանի պակտի իրականացման մեխանիզմներն ու այդ շրջանակում առաջացած հարցերը,


– միգրացիոն գործընկերությունների դերը համագործակցության խթանման գործում,


– հմտությունների և տաղանդների ներգրավման ռազմավարությունները,


– վերադարձի և վերաինտեգրման քաղաքականությունները մասնավորապես հակամարտություններից հետո վերականգնման համատեքստում,


– կանխատեսումների և վերլուծական գործիքների կիրառումը միգրացիայի արդյունավետ կառավարման գործընթացում։


 


Համաժողովի բացմանը Եվրամիության երկու հանձնակատարները հանդես են եկել տեսաուղերձներով: Մի շարք պետությունների միգրացիոն ոլորտի պատասխանատուների, այդ թվում՝ Ավստրիայի, Շվեդիայի, Հորդանանի, Եգիպտոսի ներքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել է պանելային քննարկում։


 


Համաժողովում մասնակիցները քննարկել են պաշտպանության համակարգերի կայունությունը, պատասխանատվության բաշխման մեխանիզմները և ճգնաժամային իրավիճակներում պատրաստվածության մակարդակը՝ միաժամանակ ձևավորելով պատկերացում, թե ինչպես կարելի է համահունչ դարձնել ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցային գործողությունները։


 


Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) ներկայիս ղեկավար Մայքլ Շպինդելեգերի և արդեն իսկ ընտրված հաջորդ ղեկավար Սյուզըն Ռաաբի հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընկերությունն ու նախանշվել առաջիկա ծրագրերը։


 


Հայաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տարածաշրջանային ղեկավար Արթուր Էրեկնի հետ։ Քննարկվել են համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի և միգրացիոն կառավարման արդիականացման վերաբերյալ։

Leave a Comment