Վինիսիուսը դժգոհել է Յամալի վարքագծից

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյից» հետո «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է եղել։  Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուսը դժգոհել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի վարքագծից` ասելով.

«Դու շատ ես խոսում։ Խոսիր հիմա՛»։

Յամալը Վինիսիուսին հասկացրել է, որ խաղադաշտը հաշիվներ պարզելու տեղ չէ` ձեռքով ցույց տալով հանդերձարանը։ 18-ամյա ֆուտբոլիստը Վինիսիուսին ակնարկել է, որ զրույցը կարող են շարունակել այնտեղ։

«Ռեալի» ավագ Դանի Կարվախալը ժեստով Յամալին հասկացրել է, որ քիչ խոսի և լռի։ Միջամտել են նաև մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան և հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողած «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։

Հանդիպումից առաջ Յամալը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր.

««Ռեալն» անդադար խաբեության է դիմում և բողոքում»։

Երիտասարդ ֆուտբոլիստի այդ հայտարարությունը մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ղեկավարների շրջանում լայն քննարկման առիթ էր դարձել։

Ի վերջո, խաղադաշտում կրքերը հանդարտվել են, իսկ ֆուտբոլիստները հանգիստ գնացել են հանդերձարան։

Leave a Comment