
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները՝ Նարեկ և Գևորգ Ղուկասյանները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը:
Հաղորդվում է, որ մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս անչափահասի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթը նախաձեռնվել էր, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի հետևանքով էլ եղան բերման ենթարկվածներ: