Հենց այսօր պատրաստ ենք ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանն այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում: Գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ: Այսինքն, եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա՝ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել»,- ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա Ադրբեջանին ուղղված պատասխան քայլ է:

«Ինչպես Ադրբեջանը վերացրել է մեզ համար տարանցման սահմանափակումները, այնպես էլ մենք ենք վերացնում տարանցման սահմանափակումները»,- ասաց Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո երկու երկրների միջև խաղաղությունը հաստատված փաստ է: 

Leave a Comment