Եկեղեցուց հեռացրին քաղաքացուն, ով բղավում էր. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է կարգալույծ հռչակված քահանայի Հովհաննավանքի պատարագին:

Պատարագի մեկնարկին քաղաքացիներից մեկը բղավեց. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի այստեղ պատարագ մատուցելու»: Այս խոսքերից հետո քաղաքացու բերանը փակելով՝ նրան դուրս բերեցին եկեղեցուց:

Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը հրաժարվել է դուրս գալ Հովհաննավանքից՝ ասելով. «Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»:

Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը:

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։

Հոկտեմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել նրան։

Նախքան այսօրվա պատարագին մասնակցելը վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել: Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը», – ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նշել է վարչապետը:

Leave a Comment