Վարչապետը մասնակցնում է կարգալույծ հռչակված քահանայի Հովհաննավանքի պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցնում է կարգալույծ հռչակված քահանայի Հովհաննավանքի պատարագին: Այստեղ են գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչները:

Նախքան պատարագին մասնակցելը Փաշինյանը հայտարարել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել: Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը», – ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նշում է վարչապետը:

Նախքան պատարագի մեկնարկը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էմմա Պալյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ ովքեր հոգևորականության հետ կապ չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց՝ առանց քաղաքական մոտիվների: Վեհը առաջիկայում պարզ կլինի՝ ով է»: Պալյանն ասաց, որ որևէ թեկնածու չունեն այս պահին:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ ասաց. «Ես գնալու եմ Հայ Առաքելական եկեղեցին ազատագրելու ճանապարհով և այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագի համար, այլև ի աջակցություն Տեր Արամի»:

Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը հրաժարվել է դուրս գալ Հովհաննավանքից՝ ասելով. «Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»:

Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը:

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։

Հոկտեմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել նրան։

Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։

«Ազատության» ուղիղ հեռարձակումը Հովհաննավանքից.

Leave a Comment