«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանին թիրախավորող տեսանյութի տարածումը համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Դուք ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին:
– Սա խոսում է պետական բարոյականության ճգնաժամի մասին, որովհետև նման տեսանյութերը չեն կարող ծնվել ու հրապարակվել՝ առանց հատուկ ծառայությունների մասնակցության։ Մարդու մասնավոր ու անձնական կյանքն անձեռնմխելի է, այդպես է ամբողջ դեմոկրատական աշխարհում, ու զազրելի է, երբ սեռական բնույթի կոմպրոմատներն օգտագործվում են քաղաքական նպատակներով։
Սա որևէ կերպ Եկեղեցու բարեփոխմանը կամ առաջադրված որևէ խնդրի լուծմանը չի օգնում, ընդհակառակը, կրկնում եմ՝ պետական բարոյականության կոլապսի նշան է, ու նման բաները, որպես կանոն, բումերանգի էֆեկտ են ունենում։ Որքան իշխանություններն այս հարցում նշաձողն իջեցնեն, այնքան ցավոտ է լինելու նրանց անկումը։
– Մի քանի կայքերում շրջանառվում են լուրեր, թե այս ամենը կատարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
– Ես նման անհեթեթությունը չեմ ուզում մեկնաբանել, Վեհափառը չի կարող նման նյութերի ստեղծման հետ առնչություն ունենալ, կրկնում եմ, դա կարող է անել մի ինստիտուտ, որն ունի հատուկ ծառայություններ։
– Ըստ էության, իշխանությա՞նն եք ակնարկում։
– Իհարկե, պետական համապատասխան մարմիններն են կարող այդ գաղտնալսող ու նկարահանող սարքերը տեղադրել, որևէ մասնավոր անձ, որ չունի այդ լիազորությունները, չի կարող գաղտնալսում իրականացնել, սա աքսիոմատիկ ճշմարտություն է։
– Քաղաքական ի՞նչ նպատակներ են փորձում լուծել այս կերպ, որ ասում եք, պարո՛ն Սուրենյանց։
– Եկեղեցին վարկաբեկել, հասարակության շրջանում անվստահություն սերմանել Եկեղեցու նկատմամբ։ Նրանք մտել են վճռական փուլ ու գործողության են պատրաստվում, հիմա պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ հասարակական դիմադրություն չլինի։
Նրանց ձեռագիրը չի փոխվել․ 2018-ի հուլիսն էր, կարծեմ, երբ գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալեցին, ու դրանից հետո մի քանի տասնյակ երկրապահներ դուրս եկան փողոց ընդվզելու դրա դեմ, նույն օրը երեկոյան նրանք այդ հայտնի ու զազրելի տեսանյութը հրապարակեցին՝ տուշոնկա շոուն, դրա միջոցով այնպիսի տրամադրություններ ստեղծեցին, որ հաջորդ օրը որևէ մեկը գեներալի համար դուրս չեկավ փողոց, ու բոլորի լուռ համաձայնությամբ, բացառությամբ մի քանիսի, այդ թվում և՝ ինձ, գեներալ Մանվելին կալանավորեցին։ Ենթադրում եմ, որ նույն սխեման են աշխատեցնում՝ փորձելով վարկաբեկել Եկեղեցին, թիրախավորել սպասավորներին։
– Նկատի ունեք, որ հոգևոր սպասավորներին փորձում են այս կերպ հե՞տ պահել Վեհափառին աջակցելուց։
– Դե, նրանք էլ են մարդ, նրանց մեջ էլ կարող են տարբեր տրամադրություններ առաջանալ։
– Որ ասում եք՝ վճռական փուլ է, ու գործողության են պատրաստվում, ի՞նչ բնույթի գործողություն նկատի ունեք։
– Չեմ կարող ասել, Նիկոլ Փաշինյանն էլ հասարակական աջակցություն չունի, դժվար է պատկերացնել, որ հազարավոր մարդիկ կհավաքի ու կգնա Եկեղեցին ասպատակելու։ Կարող է, օրինակ՝ ութ օր առաջ հարուցված քրեական գործով Կաթողիկոսը մեղադրյալ դառնալ, կամ գնան կալանավորելու տարբերակով, չեմ կարող ասել։ Դրա համար եմ ասում, որ ինչ-որ գործողություններից առաջ փորձում են հասարակական դիմադրությունը կոտրել։ Վստահ չեմ կարող ասել, որ մենք փողոցում կունենանք այնքան մարդ, որ կստիպի իշխանությանը հետ կանգնել, օրինակ՝Վեհափառին ձերբակալելու մտքից, եթե որոշեն այդ ճանապարհով գնալ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am