Թայլանդի մայր թագուհի Սիրիկիտը՝ գործող միապետ Մահա Վաջիրալոնկոռնի մայրը, մահացել է հոկտեմբերի 24-ի երեկոյան, ինչի մասին հաջորդ օրը հայտնել է Թագավորական պալատի բյուրոն։
Թագուհի Սիրիկիտը 2012 թվականից ի վեր չէր հայտնվում հանրության առաջ՝ ինսուլտից հետո։ Վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր և մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Հոկտեմբերի 17-ին նրա մոտ զարգացել էր արյան վարակի բարդ ինֆեկցիա, և մեկ շաբաթ անց նա մահացել է։
Սիրիկիտը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 12-ին Բանգկոկում։ Նրա կյանքի ընթացքում Թայլանդը անցում է կատարել բացարձակ միապետությունից դեպի սահմանադրական։ Ապագա թագուհին ապագա թագավորին հանդիպել է Փարիզում, որտեղ իր հայրը դեսպան էր։ Նրանք ամուսնացել են, երբ Սիրիկիտը 17 տարեկան էր, և միասին ապրել են 66 տարի։ Զույգն ունի չորս երեխա, որոնցից միակը՝ արքայազն Մահա Վաջիրալոնկոռնը, ներկայումս Թայլանդի թագավորն է։
Թագուհի Սիրիկիտին Թայլանդում հարգում էին որպես «ազգի մայր»։ Մեկ տարվա ընթացքում թագավորական ընտանիքի անդամներն ու պետական պաշտոնյաները կհետևեն սգո արարողակարգին։ Պետական հիմնարկների վրա դրոշները կիջեցվեն 30 օրով, իսկ թագուհի-մոր մարմինը կտեղակայվի Բանգկոկի Մեծ պալատում՝ հրաժեշտի արարողության համար։