Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։
«Մենք համաձայնեցինք ամրապնդել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքը և այն բարձրացնել ավելի բարձր մակարդակի», – ճապոնացի լրագրողներին ասել է Տակաիչին, որը Մալայզիա էր ժամանել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ճապոնիայի կառավարության նոր ղեկավարը նաև ընդգծել է Ճապոնիայի կարևորությունը Միացյալ Նահանգների համար՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմավարության իրականացման, ինչպես նաև «Չինաստանին հակազդելու» գործում։
Տակաիչիի խոսքով՝ նա նաև կոչ է արել Թրամփին համագործակցել ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգի իրականացման գործում և խնդրել է Ամերիկայի նախագահին օգնել լուծելու 1970-ականներին Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների հարցը։
ԱՍԵԱՆ-ի պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը կբացվի Մալայզիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 26-ին։ Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներից բացի, դրան կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Չինաստանի վարչապետ Լի Ցյանը և այլք։