
ԵՄ-ի կողմից 5.5 միլիոն եվրոյի փոխանցումը ՀՀ պետական բյուջե իրականություն է դարձել՝ շնորհիվ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի 100% կատարողականի։ Ինչպես հայտնում են ՀՀ ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտների։
«Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։ Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։