
«Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու փրկությունը հաստատ, որովհետև ներսից ենք փչացած»․ Հովհաննես Թումանյան։
«Մարդու համար ապագա չկա այլ մարդկանց հետ իր միությունից դուրս»․ Պիեռ Շարդեն։
Հայաստանն ու հայ ժողովուրդն այնպիսի խոր ու համակողմանի ճգնաժամի և բարոյական այնպիսի այլասերման մղձավանջի մեջ ու աշխարհաքաղաքական կործանարար այնպիսի թակարդում են հայտնվել, որտեղից դուրս գալը կամ այլևս հնարավոր չի լինելու կամ պահանջվելու է համազգային աննախադեպ համերաշխություն ու ջանքեր։ Որևէ շարժում, որևէ քաղաքական ուժ ի զորու չի լինելու պայքարել անգլոսաքսոնաթուրքական չարիքի ու Հայաստանում` նրա դրածո իշխանությունների դեմ և հասնել հաջողության՝ առանց ազգային հայեցակարգ ունենալու, առանց ազգային ինքնակազմակերպման համակարգ ունենալու և առանց ազգային բարձր արժեքների շուրջ միասնության ու համերաշխության ձևավորման։ Միասնությունն էլ անվիճելիորեն ցանկացած ասպարեզում հաջողության հասնելու հիմքն է: Այն շատ արժեքավոր է ու կարևոր, երբ ժողովուրդը միասնական է և համերաշխ իր նպատակների մեջ, նա անպարտելի է։ Միասնությունն ամուր ու անհաղթահարելի պատնեշ է, անառիկ բերդ է ժողովուրդների համար, անվտանգության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ու հոգևոր ներդաշնակության կարևոր երաշխիք է։ Միասնության ու համերաշխության արդյունքում է ազգը դառնում կազմակերպված, կենսունակ, ունենում հաղթանակներ, արժանապատիվ խաղաղություն, բարեկեցություն, ազատություն ու ինքնիշխանություն։ Պատմությունն էլ բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ երբ հայերս միավորվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ։ Այնտեղ, որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն և միասնական ազգային օրակարգ։ Թերևս դա է պատճառը, որ հայրենիքի փրկության ու իշխանափոխության օրակարգի շուրջ չի ձևավորվում ազգային համերաշխություն ու քաղաքական ընդդիմադիր ուժերի միասնություն։ Ազգի ինքնակազմակերպումն էլ նրա էլիտայի` նվիրյալ իմաստունների առաքելությունն է։ Ազգի էլիտան լինելով պետականության զինակիրը, ազգի միտքը, պատիվն ու խիղճը, այդ նրանք են պատասխանատու երկրում ցանկացած իրավիճակի համար։ Նրանք են կոչված նպաստելու մարդկանց մեջ պետական մտածողության ձևավորմանն ու համերաշխության հաստատմանը, երկրում քաղաքացիական կազմակերպված ու քաղաքականապես հասուն հասարակության ձևավորմանն ու արդարության միջավայրի հաստատմանը։ Ինքնահարգանքից, ինքնարժևորումից ու սեփական անվտանգության գիտակցումից էլ աճում է ինքնակազմակերպումը։
Անմիաբանությունն էլ արդյունք է անարդարության, ցածրագույն կրքերի՝ եսասիրության, նախանձի, չարության, ատելության, փառասիրության և նյութապաշտության։ Սերն էլ հոգու, մտքի և մարմնի միասնության ու ներդաշնակության երաշխիքն է: «Մեր բազմազանության մեջ միասնության հասնելու մեր կարողությունը մեծ փորձություն կլինի մեր քաղաքակրթության համար». ասել է Հնդկաստանի հասարակական֊քաղաքական առաջնորդ Մահաթմա Գանդին։ Այնտեղ, որտեղ կա սեր, բարձր արժեքների՝ հայրենիքի, ազգային արժանապատվության, պետականության, երախտագիտության, Աստծո նկատմամբ անկեղծ հավատի ու պատասխանատվության գիտակցում, որտեղ արդար է բաշխվում երկրում ստեղծվսծ արդյունքը, որտեղ մարդը գնահատվում է ըստ արժանվույն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, այնտեղ միշտ լինում է միասնություն և համերաշխություն։ «Այնտեղ, որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն, էլ չասած գործողությունների միասնության մասին».-գրել է Ֆրիդրիխ Էնգելսը:
Միասնության մեջ է ազգերի, ժողովուրդների ուժը, առանց կարծիքների միասնության չի կարող լինել արդարություն, ամենաիմաստուն որոշումներն էլ ծնվում են հանրային կարծիքի համերաշխության ու ժողովրդի միասնության արդյունքում։ Դժբախտությունը սակայն ցավոք չի միավորում, այլ բաժանում է մարդկանց։ Դժբախտները եսասեր են, չար, անարդար, դաժան և ընդունակ չեն միմյանց հասկանալու։ Միասնությունն ու համերաշխությունն էլ հասարակության կատարելության, նրա վարքի ամենաբարձր աստիճանն են, քրիստոնեական պարտքի և Աստծուն հնարավորինս մոտենալու միջոց։ «Բարձրագույն բարիքը առաքինության միասնությունն է: Բանականությունը պահանջում է, որ այս բարիքը իրագործվի»․ ասել է գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտը։ Իսկ Շառլ Պինո Դյուկլոսն էլ գտնում էր, որ. «Մեծ ու բարի գործերն էլ միշտ միավորում են առաջադեմ մարդկանց: Երբ իմաստուն և ազնիվ մարդիկ միասին են գործում, հիմարներն ու խաբեբաները նահանջում են»։