Արարատի պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու որոշումը վիճարկող Մարուքյանի դիմումը վարչական դատարանի վարույթ է ընդունվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջով։ Վիճարկվող որոշմամբ նախատեսվում է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Էդմոն Մարուքյանը կբողոքարկի Դատարանի՝ վիճարկվող ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ միջանկյալ որոշումը:

Դատարանի որոշումը կայացվել է հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Անի Չիլինգարյան, դատավորներ Ռուզաննա Ազրոյան, Արմեն Ներսիսյան, Արթուր Ծատուրյան և Աղասի Դարբինյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment