Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Դատախազությունը որպես խափանման միջոց պահանջում է մեկ միլիոն լարի գրավ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
Գործը վերաբերում է առանձնապես խոշոր չափի ապօրինի եկամուտների օրինականացման փաստին, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին, որը 2019-2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները և եղել է պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, արգելվել է մասնակցել որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեության և ստանալ որևէ այլ վարձատրություն, բացառությամբ պաշտոնական վարձատրության, համաձայն «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» Վրաստանի օրենքի դրույթների։ Վերոնշյալին հակառակ, իր պաշտոնավարման ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին գաղտնի և աննկատելիորեն ակտիվորեն զբաղվել է տարբեր տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել է առանձնապես խոշոր չափի եկամուտներ անօրինական աղբյուրներից։ Որպես պաշտոնատար անձ՝ նա պարտավոր էր հայտարարագրել ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը»,- ասել է Գիորգի Գվարակիձեն։
Ըստ դատախազության՝ մասնավոր բիզնեսին անօրինական մասնակցության արդյունքում նա ստացել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 830,000 լարի։
Բացի այդ, Ղարիբաշվիլին 2023-2024 թվականներին ձեռք է բերել երկու մեքենա՝ 463,630 լարի արժողությամբ և գրանցել դրանք իր հետ կապված անձի անունով, ինչպես նաև ընտանիքի անդամի միջոցով ձեռք է բերել անշարժ գույքի տիրապետող ընկերության 100% բաժնեմաս՝ 210,000 լարիով։
Միաժամանակ, ընտանիքի անդամի անունով գրանցված ՍՊԸ-ում ներդրվել է ընդհանուր առմամբ 3,670,172 լարի։
2025 թվականի հոկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլիի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 6,500,000 ԱՄՆ դոլար։
Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին։ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին նա հրաժարական է տվել իր պաշտոնից և 2019 թվականին վերադարձել կառավարություն՝ որպես պաշտպանության նախարար։ Երկու տարի անց՝ 2021 թվականի փետրվարին, Վրաստանի խորհրդարանը նրան հաստատել է որպես վարչապետ, իսկ 2024 թվականի հունվարի 29-ին նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։