Ըստ փաստաբանի` Համբարձումյանի պատժաչափն իրավական նոնսենս է

Ըստ փաստաբանի` Համբարձումյանի պատժաչափն իրավական նոնսենս է

24 հոկտեմբերի 2025 – 10:42 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի դատապարտմանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, դա որակել է «իրավական նոնսենս»։

Նա անդրադարձել է մի շարք դեպքերի, երբ դատավոր Ժորա Չիչոյանը, նմանատիպ կամ առավել ծանր հոդվածներով մեղադրվող անձանց, առավել մեղմ պատիժներ է սահմանել։

«1․ Դատավոր Ժորա Չիչոյանը թիվ ԵԴ1/0445/01/24 գործով առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» իրացնողի նկատմամբ պատիժ է նշանակել տվյալ հոդվածով սահմանված պատժի նվազագույնի չափով՝ 6 տարի (6-12 տարվա դեպքում):

Առանձնապես խոշոր չափով մեկ այլ թմրամիջոց իրացնողին 6-12 տարվա ազատազրկման միջակայքում պատիժ է նշանակում 7 տարի, այսինքն նվազագույնից 1 տարի ավել (ԵԴ1/1188/01/24) , իսկ Դավիթ Համբարձումյանի անհիմն և թմրամիջոցից անհամեմատ նվազ վտանգավոր մեղադրանքի դեպքում (նույնիսկ համեմատական անցկացնել է տարակուսանք առաջացնում), որտեղ սանկցիան 4-7 տարի է, նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ առավելագույնին մոտ (դեռ արդարացման մասին չեմ խոսում)։

Դեռ կսահմանափակվեմ այս մի քանի օրինակով, բայց դրանք շատ են։

Ստացվում է ըստ Ժորա Չիչոյանի բացառապես դրական բնութագրվող, բացառիկ հարգանք վայելող, ժողովրդի կողմից ընտրված , նախկինում չդատված, խնամքին անչափահաս երեխաներ ունեցող անձին պետք է պատժել ավելի վատ, քան թմրամիջոց իրացնողին։

Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն ընդամենը նախկին ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով է (ինչը կապված է 2018թ ապրիլյան դեպքերի հետ), դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս, էս վերջին 3 ամիսն էլ ավելացրեց, որ համաներում չկիրառվի։

Հ.Գ. Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը պիտի արդարացվեր։

Սա իրավական նոնսենս է»,–գրել է նա։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։

Leave a Comment