Սադրիչներին ինչո՞ւ եք հրավիրել եկեղեցի․ լրագրողը՝ կարգալույծ հռչակված քահանային 

«Ստացել եմ ծանուցումը,  բայց չեմ ընդունում իմ կարգալուծությունը, և բանալիները չեմ հանձնում։ Ես ստացել եմ Արշակ Սրբազանի նամակը, պատասխանել եմ, հիմա էլ սպասում եմ իր պատասխանին։ Ստացել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք»,- այսօր՝ հոկտեմբերի 23–ին, դիմելով Հովհաննավանք ժամանած հոգևորականներին, ասաց Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյան)։

Հոգևորականներից մեկը, որի ձեռքին նամակ կար, նշեց, որ քահանան պետք է ժամը 15–ին հանձներ եկեղեցու բանալիները. «Դուք որպես քահանա այլևս չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն  խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում»։

Ստեփան Ասատրյանը (Տեր Արամը) նախ հարցրեց, թե ով է ասել, որ իրեն փոխանցեն սա, ապա կրկնեց, որ չի ընդունում դիվանատան գրությունը. «Ով տվել է, տարեք տվեք իրեն։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով այս թուղթն ուղարկել է։ Եթե վերջացրեցիք ձեր խոսքը, գնացեք էստեղից»,–ասաց նա։

Լրագրողի հարցին՝ սպառնո՞ւմ եք օծված քահանային, Ասատրյանը պատասխանեց. «Ես էլ եմ օծված, իմ օծումը ո՞վ է վերցրել»։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ կիրակի Հովհաննավանքում պատարագ է մատուցելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment