
Այս տարի լրանում է նշանավոր ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հրատարակիչ և թարգմանիչ Ստեփան Լիսիցյանի ծննդյան 160-ամյակը։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես կարելի է գործել այսքան տարբեր ոլորտներում և ամենուր մնայուն հետք թողնել։
Ինչպես նշում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը, Լիսիցյանի «Ազգագրական հարցարանը» մինչև օրս մնում է մասնագետների սեղանի գիրքը։
Այն ծառայում է որպես կողմնորոշիչ՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է ուսումնասիրել տվյալ շրջանը, ինչին ուշադրություն դարձնել և ինչպես արձանագրումներ կատարել։
Եթե ազգագրագետ Երվանդ Լալայանը զբաղվում էր «քարեր հավաքելով», ապա Լիսիցյանը, ըստ Գաբրիելյանի, այդ հավաքած քարերից ստեղծեց մնայուն ու չհնացող մի կառույց։ Առանձնապես մեծ արժեք են ներկայացնում նրա «Զանգեզուրի հայերը» և «Լեռնային Ղարաբաղի հայերը» աշխատությունները, որոնցում մանրամասնորեն նկարագրված են տարածաշրջանի տնտեսությունը, բնակչությունը, նրանց կենցաղն ու ավանդույթները։