Փաստաբանների պալատը իրավասու մարմիններից պահանջում է մանրամասն քննության ենթարկել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ մասնագիտական գործունեության տրամադրելու շրջանակում ձերբակալվելու մասին հաղորդումները

ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Զանգվածային լրատվության միջոցներով 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկություններ են տարածվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալության մասին:

Այդ մասին, չնայած անհապաղ տեղեկացնելուօրենսդրական պահանջին, վարույթն իրականացնող նախաքննական մարմինը Փաստաբաններին պալատին հայտնել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին:

Միաժամանակ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի պաշտպանները տեղեկություններ են տրամադրել, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններինմասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(Արդարադատության իրականացմանը կամ գործիքննությանը միջամտելը` մի խումբ անձանց կողմիցնախնական համաձայնությամբ): Պաշտպանները նշել են, որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվում փաստաբանի մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացված օրինական գործողությունների կապակցությամբ: Մասնավորապես, Ռուբեն Մխիթարյանն այցելել է Գյումրու համայնքապետարան այնտեղ գտնվող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար՝ կապված տեղում իրականացվող դատավարական գործողությունների հետ: Այնուհետև համայնքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց է սկսվել, Ռուբեն Մխիթարյանը կանգնել է նրանց միջև ձեռքերը վերև պարզած վիճակում՝ չթույլատրելու համար իրավիճակի հետագա սրումը և հանդարտեցնելով կողմերին: Այդ ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ փաստաբաննարգելանքի է վերցվել և տեղափոխվել ոստիկանության ավտոմեքենա: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ փաստաբան է և միայն փորձել է կանխել ոստիկանների կողմից անձանց նկատմամբ բռնություն կիրառելը:

Ներկայացվել են նաև նշված ընթացքնարձանագրած լրատվական միջոցների տեսանյութերը:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025թ. հոկտեմբերի 22‑ին քննարկել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների հարցը:

Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և մասնագիտական հեղինակությանհամատեքստում:

Ինչպես նախկինում Հանձնաժողովը միարժեքորեն ամրագրել է՝ դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Սա պահանջում է պետությունից ապահովել միջավայր, որ փաստաբաններն իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարեն սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում:

Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված և միջնորդված հարկադրանքի միջոցներին՝Հանձնաժողովը վերահաստատում է, փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:

Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Ռուբեն Մխիթարյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեն, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվի, որ քրեական վարույթը չի կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվի ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:

Միաժամանակ, իրավիճակը գնահատելով անկախ փաստաբանական գործունեությունը սահմանափակող և հարվածի տակ դնող վերջերս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ Հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում պետության ներկայիսշարունակվող գործելաոճի առնչությամբ և կրկին շեշտում, որ այն չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իր օրինականմասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացածհետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կարող է լինել  կալանավորումը.

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է  իրավասու մարմիններին մանրամասն քննության ենթարկել Ռուբեն Մխիթարյանի և նրա պաշտպանների հաղորդումները փաստաբանի մասնագիտական գործունեության և իրավաբանական օգնություն տրամադրելու շրջանակներում ձերբակալվելու մասին.

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ձեռնպահ մնալ փաստաբանական գործունեության անկախությունը, մասնագիտական գործունեության ազատությունը վտանգող և փաստաբանի մասնագիտության հեղինակությունն խաթարող հետագա գործողություններից:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment