ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը և իր գնահատանքն է արտահայտել Բաքվի այդ քայլի առնչությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովի ընթացքում:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին միջոցառման կազմակերպման համար՝ Հայաստանի վարչապետը նշեց, որ իր համար մեծ պատիվ է արդեն երկրորդ անգամ մասնակցել «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որն, ըստ Փաշինյանի, հասցրել է դառնալ տարբեր երկրների պաշտոնյաների, մասնավոր հատվածի և միջազգային փորձագետների շփումների ու նոր գաղափարների բացահայտման կարևոր հարթակ։
«Նախորդ անգամ՝ 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովին՝ հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրի ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը»,-նշեց Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը ներկաներին հիշեցրեց, որ վերոնշյալ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային և միջազգային-տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն է ոչ միայն դեպի Վրաստան և Իրան, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ՝ նրանց հետ սահմանի բացումով։
Վարչապետ Փաշինյանը ուրախությամբ արձանագրեց, որ այս առումով Հայաստանը մեծ հաջողություններ ունի։ «2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և նախաձեռնությամբ՝ Միացյալ նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք «Խաղաղության հռչակագիր», որը, որպես վկա, ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,-նշեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ այդ հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին՝ մեջբերելով հռչակագրի երրորդ կետը։ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ կայունությունը, խաղաղությունը ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության առավելություններով»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ վաշինգտոնյան հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ է կատարել։
«Նախագահ Ալիևը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ այժմ տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից՝ Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։
Այս գործարքի համար Հայաստանի վարչապետը գնահատանքի խոսք հնչեցրեց նաև Ղազախստանի նախագահի և Վրաստանի վարաչպետի հասցեին։