Գյումրու ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրու համար օտար չէ։ Նա ղեկավարել է քաղաքը 1999-ից 2012 թվականներին, որի ընթացքում հաստատվել է որպես քրեական հեղինակություն, ով կարող է ցանկացած միջոցով հասնել իր ցանկալի արդյունքներին. գրել է Независимая Газета-ն։ Ինչպես նշվել է, Հայաստանում Ղուկասյանի մականունը Վարդանիկ է, և նա դրանից բացարձակապես չի ամաչում։
Օրինակ՝ «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո Փաշինյանը խոստացել է վերացնել քաղաքականության մեջ քրեական տարրը։ Ի պատասխան՝ նախկին քաղաքապետը հայտարարել է, որ աշխարհում օրենքով գողերից ավելի խելացի մարդիկ չկան, և որ իր կառավարման տարիներին Գյումրին Հայաստանի «ամենահանցագործությունից զերծ» քաղաքն էր։
Այս ամենից անկախ՝ 2025 թվականի ապրիլին Ղուկասյանը կրկին դարձել է Գյումրու քաղաքապետ։ Սա կառավարության հակառակորդների առաջին վճռական հաղթանակն էր երկար ժամանակ անց։ Независимая Газета-ն նկատել է, որ Գյումրու քաղաքապետը և Հայաստանի վարչապետը չէին թաքցնում միմյանց նկատմամբ իրենց ատելությունն, ընդհակառակը, նրանք դա ընդգծում էին ամեն առիթով։
Ղուկասյանը չի ընդունել Հայաստանի պարտությունը Երկրորդ ղարաբաղյան պատերազմում և դրա համար մեղադրում է Փաշինյանին։ Նա կարծում է, որ եթե վարչապետն աշխատեր Մոսկվայի հետ դաշինքն ամրապնդելու ուղղությամբ, դա տեղի չէր ունենա։ Գյումրու քաղաքապետին ձերբակալելու պահին քաղաքապետարանի դիմաց հավաքվել էր քաղաքապետի աջակցության խումբ, որի մեջ էին մտնում քաղաքային ծառայությունների և այլ պետական հատվածի կազմակերպությունների աշխատակիցներ։
Ներկա էին նաև երիտասարդ տղամարդիկ, որոնք վճռականորեն էին տրամադրված պաշտպանելու իրենց առաջնորդին ցանկացած միջոցով։ Սակայն նրանց թիվն ակնհայտորեն բավարար չէր իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրելու համար։ Ղուկասյանի համար ժամանել էր ոչ թե մեկ ոստիկանական ջոկատ, այլ անվտանգության ուժերի մի ամբողջ բանակ, որը մի քանի րոպեում գրավեց Գյումրու ամբողջ կենտրոնը։ Կոռուպցիայի մեջ կասկածվող քաղաքապետի կողմնակիցները բառացիորեն կորել էին կարմիր բերետավորների ամբոխի մեջ։ Արդյունքում՝ իրավապահ մարմինները կոտրեցին քաղաքապետարանի շենքի դռները, կասկածյալին դուրս քաշեցին և տարան Երևանի կոռուպցիայի դեմ պայքարի դատարան։
Անվտանգության մարմինները չմոռացան նաև ցուցարարների մասին։ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Ավելի քան 30 մարդ ձերբակալվել է։ Նրանց սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ «Հատկանշական է, որ Երևանում բողոքի ցույցեր չկային։ Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարի դատարանի մուտքը պահպանում էին միայն երեք ոստիկան։ Նրանց կողքով անցնում էին երևանցիներ՝ զբաղվելով իրենց գործերով, կարծես, ոչինչ չէր պատահել։ Այնուհետև ժամանեց ընդդիմության անդամների մի փոքր խումբ, բայց նրանք լուռ էին», – գրել է կայքը։
Դատավարության ընթացքում պարզվեց, որ Ղուկասյանը մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ, որոնց մեծ մասը կատարվել է մինչև նրա քաղաքապետ դառնալը։ Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները համոզված են, որ նա վերածվում է բռնապետի: Հայկական լրատվամիջոցներում կասկած չկա, որ իշխանություններն ու ընդդիմությունն անցել են 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հաջորդ փուլին: Իշխանություններն արդեն բանտարկել են եկեղեցական ականավոր գործիչների, ընդդիմության ընտրարշավը ֆինանսավորելու ունակ օլիգարխի և քաղաքապետի, ով ապացուցել է, որ ռեժիմը կարող է պարտվել: