ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հոկտեմբերի 21-ին հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նա աշխատանքային գործունեությունը կշարունակի ֆուտբոլի միջազգային ասպարեզում։ Արթուր Ազարյանի աշխատանքային հաջորդ փուլը ևս միտված է լինելու հայկական ֆուտբոլին աջակցելուն և այն ավելի ճանաչելի դարձնելուն։
«Շնորհակալ եմ ՀՖՖ-ին փորձի և հնարավորությունների համար։ Այն, ինչ ձեռք եմ բերել ՀՖՖ-ում, անգին է։ Դժվար է լքել այն աշխատավայրը, որտեղ 18 տարի օրուգիշեր աշխատել ես։ Այն էմոցիաները, որոնք ապրել եմ այստեղ, կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։ Միշտ կապված եմ եղել և շարունակելու եմ կապված լինել այս կառույցին։
Հնարավորություններիս սահմանում միշտ լինելու եմ ՀՖՖ-ի և հայկական ֆուտբոլի կողքին։ Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս, քանի որ ես շարունակելու եմ ինձ համարել այս ամենի մի մասնիկը։ Հավաքականի և հայկական ֆուտբոլի հաջողությունը, ինչպես միշտ, լինելու է նաև իմը։ Շնորհակալ եմ ՀՖՖ-ի ղեկավարությանը՝ ինձ հնարավորություն տալու, և բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի համար», – հայտարարել է Ազարյանը։
«Շնորհակալ եմ Արթուր Ազարյանին տարիների նվիրված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Մաղթում եմ նոր ձեռքբերումներ, անսահման հնարավորություններ և հաջողություն հետագա կարիերայում։ Վստահ եմ, որ հետագա գործունեության ընթացքում Արթուր Ազարյանը շարունակելու է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և աջակցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած ծրագրերին», – ասել է ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը։
Արթուր Ազարյանը ՀՖՖ-ում աշխատում էր 2007 թվականից։ 2013 թվականից նա ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: Որպես պատվիրակ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ավելի քան 80 հանդիպում, այդ թվում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի և Չեմպիոնների լիգայի մի շարք կարևոր խաղեր։