Իրավապահները պատրաստվում են խուզարկել Վարդան Ղուկասյանի աշխատասենյակը

Ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին Գյումրիի քաղաքապետարանում են: Ըստ իրավապահների՝ կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից, ում լիազորությունները կասեցվել են, պետք է խուզարկություն և առգրավում կատարվի:

Վարդան Ղուկասյանը երեկ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է, այսօր կալանավորվել:

Հակակոռուպցիոն կոմիտեն «կոռուպցիոն հանցագործության բացահայտման» մասին երեկ հայտարարեց, սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրիի քաղաքապետարան ու ժամեր անց ձերբակալեցին Ղուկասյանին: Իրավապահները հայտարարում են, թե Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետն ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել: Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ:

Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում:

Leave a Comment