Այս նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ. Մխիթար Հայրապետյան


Խորհրդարանը շարունակում է քննարկել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 


Հարակից զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց՝ Կառավարությունը քննարկել է այս օրենսդրական նախաձեռնությունը, չունի առարկություններ և հավանություն է տվել օրենքների փաթեթին:


Նախարարի խոսքով՝ տարընկալումներից զերծ մնալու համար հնչեցնելու է մի քանի կարևոր շեշտադրում: 


«Այս նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ: Սա հատուկ և շատ ուղիղ ուզում եմ ասել, որովհետև նմանօրինակ կարծիք հնչեց քննարկումների ժամանակ: Կառավարությունը իր դրական եզրակացությունը տվել է նախագծին, որպեսզի առնվազն երեքի փոխարեն երկու սլոթ ունենա հանրային հեռարձակողը, ընդ որում, մի բան, որը ամենևին չի խանգարելու նույն հանրային հեռարձակողին պահպանել իր հինգ սլոթները արդեն մրցույթի պարագայում, որովհետև այսօր օրենքով իմպերատիվ սահմանված երեք սլոթի պարագայում հանրային հեռարձակողը ունի և շարունակում է ունենալ ավելին, քան այդ երեքն է՝ երկուսը հեռուստատեսային տիրույթում, երրորդը՝ ռադիոհեռարձակողների տիրույթում»,- պարզաբանեց ԲՏԱ նախարարը: 


Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ նախարարը հնարավոր մանիպուլյացիաները կանխելու համար նշեց՝ առաջին բանը, որը ՔՊ-ն արել է տեսալսողական մեդիայի տիրույթում Թավշյա հեղափոխությունից հետո, «Շողակաթ» հեռուստաալիքի ֆինանսավորման բարձրացումն է եղել:


«Ինչպես հաճախ պոպուլյար է հատկապես ընդդիմադիր շրջանակներում մեր քաղաքական ուժին կոչել եկեղեցատյաց, այսպես կոչված «եկեղեցատյաց» իշխող ուժը, 2024-ի տվյալներով, գրեթե երկու անգամ ավելի բարձր ֆինանսավորում է նախատեսել, քան «եկեղեցապաշտ» այլ իշխող ուժերը մինչև 2017-ը: Մենք այստեղ չենք քննարկում որևէ հեռուստաալիք փակելու հարցը, և նաև իրավասություն չկա օրենքով հեռուստաալիք փակել-չփակելու, որովհետև գոյություն ունի կոնկրետ մարմին՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որը կկարողանա այդօրինակ որոշումներ կայացնել»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ «Շողակաթ» հեռուստաալիքը չի փակվի, կօգտվի այն նույն հնարավորություններից, որոնք իրենք արդեն իսկ ստեղծել են: 


«Մենք ուրախ կլինենք, որ «Շողակաթը» հետագայում դիմի հիմնադրամին և ստանա համապատասխան աջակցություն ու որակյալ կոնտենտ արտադրի ու հեռարձակի»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:  


Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ հեռարձակողների թիվը նվազագույն սահմանած 3-ի շեմից իջեցնելով 2-ի:

Leave a Comment