Իհարկե շարունակելու եմ մնալ Հովհաննավանքում․ Ստեփան Ասատրյան

Հովհաննավանքում եմ այս պահին և, իհարկե, շարունակելու եմ մնալ, հարցազրույց չեմ տալիս։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) անդրադառնալով՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին տեղեկությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: 

Հոկտեմբերի 15-ին նրա հայտարարությունների հիման վրա Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Տեր Գարեգին Արսենյանը, ևս 5 քահանաներ, մի շարք աշխատակիցներ։

Մերի Մանուկյան

—00—ՄԱ

Leave a Comment