Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր

Գործող օրենսդրական կարգավորումներով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներն իրականացնում են նաեւ ոլորտում հավատարմագրում ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Առաջարկվում է ստեղծել իրավական հիմք ՆԳՆ ենթակայությամբ գործող Տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ի լուծարման համար: ՀՀ ԱԺ հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Այս իրավիճակում պետական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող ՊՈԱԿ-ը մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է նույնական գործունեություն, ինչը հանգեցնում է տնտեսական անհավասար պայմանների: Բացի այդ, ՆԳՆ-ի եւ ՊՈԱԿ-ի գործառույթները եւս հստակ տարանջատված չեն: Արդյունքում, ՆԳՆ-ն տվյալ ոլորտում լիարժեք չի կարողանում իրականացնել քաղաքականության մշակման եւ իրականացման իր գործառույթները»,- մանրամասնել է Արմեն Մկրտչյանը:

Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ ոլորտում քաղաքականության մշակման լիազորությունները վերապահել բացառապես նախարարությանը:

Նախաձեռնության ընդունման արդյունքում հավատարմագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, միաժամանակ կբարելավվի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ՆԳՆ կողմից քաղաքականության մշակման իրականացման գործիքակազմը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Leave a Comment