
Վրաստանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար: Դրանք ռազմավարական նշանակություն ունի, եւ դրանց արտացոլումն է անցյալ տարի՝ 2024 թ. հունվարին ստորագրված Ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Այս մասին հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Գիվի Միքանաձեին Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների, մշտական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի միջեւ առկա է բավականին ակտիվ փոխգործակցություն:
Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումից հետո, ներկա պահին ակտիվ բանակցություններ են ընթանում. ԱՄՆ աջակցությամբ Հայաստանը փորձում է կայուն եւ երկարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Նա բարձր է գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ ջերմ ընդունելության համար` Գիվի Միքանաձեն եւս կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ փոխհամագործակցությունը:
Երկուստեք նշվել է, որ պաշտոնական փոխայցերը համատեղ իրականացվող եւ իրականացվելիք կրթական, մշակութային միջոցառումները կամրապնդեն եւ նոր որակի կհասցնեն հայ-վրացական հարաբերությունները:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ