Քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը. հայտարարություն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը նաև Վարդան Ղուկասյանի փեսան է, Ղուկասյանի ձերբակալումից հետո հայտարարել էր, որ վաղվանից քաղաքապետարանը հայտարարում է գործադուլ, իսկ իրենք մեկնում են Երևան, քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչի համար է ձերբակալվել քաղաքապետը:

Այս հայտարարությանը զուգահեռ մեկ այլ հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետարանը՝ քաղաքացիներին կոչ անելով չտրվել սադրանքների։

«Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ՝ քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։

Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»,- ասվում է քաղաքապետարանի պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment