«Միասնության թևեր» շարժման անդամ Դավիթ Անանյանը գրել է.
«Անկախ նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի որ դրվագների հիման վրա են քննչական գործողություններ իրականացվում Գյումրու քաղաքապետարանում և ինչ իրավական հիմնավորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ընտրած գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր ակունքներով հասնում է շուրջ մեկ ամիս առաջ վարչապետի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ուղիղ «հանձնարարականին», որն էլ դարձել է քաղաքական հետապնդման գործիքակազմը գործի դնելու ազդանշան։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրությունը ապահովելու ծրագրով։ Իշխանությունը փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ «դատավարական շոուների» միջոցով։
Այդպիսի վարքագիծը ոչ միայն խարխլում է պետականության հիմքերը, այլև վերջնականապես բացահայտում է այս իշխանության դե ֆակտո լեգիտիմություն չունենալու փաստը։
Լեգիտիմ իշխանությունը չի դիմում ահաբեկչական մեթոդների՝ սեփական ուժը ցուցադրելու և իր քաղաքական գոյությունը պահպանելու համար։ Այն, ինչին մենք ականատես ենք այսօր, ոչ այլ ինչ է, քան իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր՝ ժողովրդավարական ինստիտուտների, հանրության և հանրային վստահության դեմ»։