Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունից հետո քաղաքում կրքերն էլ ավելի են բորբոքվել. ՆԳՆ-ն հորդորում է

Գյումրիի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական գործողությունների ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքում գրել է, որ քաղաքապետարանում գործողությունները միտված են հեռացնել իրեն։ «Սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը»,- ասել է քաղաքապետը։

Նա գյումրեցիներին կոչ է արել «պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը»։

Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նաեւ հրապարակվել է փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի կոչը, որով նա գյումրեցիներին կոչ է անում պաշտպանել Վարդան Ղուկասյանին

Գյումրիի քաղաքապետարանի մոտ կրքերը գնալով բորբոքվում են, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները իրենց բողոքն են հայտնում նրա ձերբակալման եւ քննչական գործողությունների դեմ

Ներքին գործերին նախարարությունն էլ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։

▫️Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ «օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ»։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ նշել է, որ «քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով»։

Leave a Comment