Բաքվում ձերբակալված «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրենը Ռուսաստան է վերադարձել

Քաղաքականություն

20.10.2025 | 12:17

«Sputnik Աադրբեջան»-ի  գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, որն ավելի վաղ ձերբակալվել էր Բաքվում, ազատ է արձակվել և տեղափոխվել Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ինտերֆաքսը։

Ավելի ուշ Կարտավիխը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ժամանել է Մոսկվա։

«Ես ինձ լավ եմ զգում, ուրախ եմ տուն վերադառնալու համար»,- ասել է նա իրեն դիմավորող գործընկերներին։

Հավելենք, որ «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ձերբակալվել էին 2025 թվականի հունիսի 30-ին՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից անցկացված գործողության ժամանակ։ Բաքվի Խաթայի շրջանային դատարանի որոշմամբ՝ նրանք կալանավորվել էին 4 ամսով։

Դուշանբեում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հոկտեմբերի 10-ին Կարտավիխն ազատ էր արձակվել ու գտնվում էր տնային կալանքի տակ։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։  Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները սկսել էին ձերբակալել Ռուսաստանի քաղաքացիների։ Ադրբեջանի ՆԳ նախարարությունը Բաքվում ձերբակալել է ութ ռուսաստանցու՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցելու, Իրանից թմրանյութերի տարանցման, առցանց թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության կասկածանքով։ Դատարանը նրանց կալանավորել է  չորս ամսով։

Բացի այդ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment