«Ո՛չ թագավորներին»․ զանգվածային բողոքի ցույցեր՝ ԱՄՆ մի շարք քաղաքներում

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգների տասնյակ քաղաքներում անցկացվել են «Ո՛չ թագավորներին» խորագրով բողոքի ցույցեր, որոնց մասնակցել են հարյուր հազարավոր քաղաքացիների։

Ցուցարարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրենց գնահատմամբ, ավտորիտար գործելաոճը և կոռուպցիոն միտումները։

Ինչպես հայտնում է Reuters-ը, բողոքի ցույցերն անցկացվել են ավելի քան 2600 վայրում։ Միջոցառումները հիմնականում խաղաղ բնույթ են կրել։ Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել ընտանիքներով, պաստառներով՝ կոչ անելով պաշտպանել ժողովրդավարական արժեքները։

Նյու Յորքում ոստիկանությունը հաղորդել է, որ Թայմս սքվերում ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին, որևէ ձերբակալություն չի իրականացվել։

Նմանատիպ բազմամարդ ցույցեր տեղի են ունեցել նաև Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում, Դենվերում և Սան Դիեգոյում։

Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց նպատակն է հիշեցնել՝ «Ամերիկայում թագավորներ չկան» և պաշտպանել ժողովրդավարության հիմունքները իշխանության կենտրոնացման և ազատությունների սահմանափակման վտանգից։

Leave a Comment