Իմ երազանքն է, որ մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ․ Վարդևանյան

Փաստաբան, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի ելույթը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների հանրահավաքի ժամանակ

«Հայաստանում այլևս դժվար է զարմացնել որևէ մեկին։ Հայաստանում այլևս կալանքը ամենից հաճախ լսվող բառերից է։ Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի և նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար։ Մենք բոլորս ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք։

Իրավունքի գերակայությունը և իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն։ Այն մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի առօրյա կյանքի կենսական մասն են, մեր օդն ու ջուրն են։ Երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից միչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, մենք անպայման ունենալու ենք պառակտում, թուլացում, վախ և անարդարություն։

Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Իսկ նա, քանի որ չարացած էր, սուտ պատասխան տվեց Աստծուն. «Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»: Այս բառերի մեջ թաքնված են հավաքական անտարբերությունն ու վախը։ Եվ հենց այս ամենն է, որ թուլլ է տալիս ունենալ այսքան քաղաքական բանտարկյալներ, այսքան քաղաքական հետապնդումներ։ Մենք պետք է փոխենք այս միջավայրը և միսնաբար ասենք՝ «Այո, ես իմ եղբոր պահապանն եմ, այո ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ»։

Սիրելի հայրենակիցներ, շատ անկեղծ ուզում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչ երազանք ես ունեմ․ վերջին 7 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներով քաղաքական բանտարկյալների պաշտպանութուն եմ իրականացրել և իրականացնում։ Ես տեսել և տեսնում եմ անարդարությունը, և իմ երազանքն է, որ մեր Հայաստանում, մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղբանտարկյալներ։ Չլինեն։ Սա մեծ երազանք չէ, ժողովուրդ ջան, սա մի բան է, որ պետք է անենք և անելու ենք մեր ձևով։

Սիրելի հայրենակիցներ, չնայած ռեպրեսիվ մեքենային, չնայած խեղդող անարդարությանը, մենք միասին, իրապես համախմբված, սիրով ու վճռականությամբ կհաղթահարենք այս փորձությունները, մենք կհաղթենք անարդարությանը։ Որովհետև որքան էլ դժվար լինի` արդարությունը միշտ է հաղթում է, իրավունքը միշտ էլ գերակայում է։ Եվ ուրեմն՝ ազատություն քաղբանտարյալներին»։

Արամ Վարդևանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment