Մենք բոլորս կանգնած ենք վճռորոշ ճամփաբաժնի վրա․ ոչ թե պարզապես մեր հայրենիքի համար հերթական բարօր շրջան ձևավորելու, այլ մեր հայրենիքի գոյության և չգոյության ճամփաբաժնի վրա ենք մենք կանգնած։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
«Սա վճռորոշ է ոչ միայն քաղաքական, ազգային իմաստով, այլ թույլ տվեք ասել հոգևոր իմաստով։ Դա պետք է գիտակցվի ոչ միայն մեր քաղաքական ուժերի, այլ մեր բոլորի կողմից՝ ներքին գիտակցության և ոգու արժևորումով։ Երբ հոգևոր, ազգային արժեքները զոհաբերվում են, ըստ պայմանների, պայմանականությունների, երբ արդարությունը խոնարհվում է վախի առաջ, երբ անտարբերությունն է դառնում մեր բարոյական կողմնացույցը, երբ թվացյալ խաղաղության և բարօրության մեջ մենք կորցնում ենք մեր ոգին, այդ ոգին կորցնելուց հետո, առանց ոգու ազգը դառնում է գերի ազգ, դառնում է առանց ապագայի ազգ։
Դուք բոլորդ էլ կամա, թե ակամա հարցեր ունեք․ մի՞ թե հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ։ Այո՛, զբաղվում են։ Զբաղվում են ոգու քաղաքականությամբ։ Զբաղվում են այն քաղաքականությամբ, որը միտված է մեր ոգու, ազգային արժեքները պահելուն, դրանք վերարծարծելու համար։ Այո՛, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ։ Հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև Աստծո արքայությունը այս օրհնյալ երկրի վրա հաստատվում է միայն մեր ազգային ոգու վերարծարծումից և հաստատումից հետո»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։