Շվեդ լեգենդար նախկին հարձակվող և «Միլանի» ներկայիս ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչին վերջերս տված հարցազրույցի ժամանակ խնդրել են նշել ֆուտբոլի պատմության երեք լավագույն խաղացողներին։
Զլատանն իր եռյակը կազմել է տարբեր ժամանակաշրջանների երեք խաղացողից։
«Ես միշտ ասում եմ բոլոր նրանց, ովքեր խաղում են ինձ հետ․ Ռոնալդոն՝ ֆենոմենը, ֆուտբոլն է։ Նա այս սպորտաձևի մարմնացումն է։ Նրա շարժվելու ձևը, հնարքների կատարումը, անհավանական անցումները։ Իմ կարծիքով, նա պատմության լավագույն խաղացողն է, անկասկած։
Երկրորդ տեղը կտամ Մարադոնային։ Կարծում եմ՝ նա ամենաիրականն էր։ Նա ամեն ինչ անում էր սրտով և ազատություն էր տալիս իր զգացմունքներին։
Մեսսիին կդնեմ երրորդ տեղում։ Նա հաղթել է ամեն ինչ։ Չգիտեմ՝ մնացել է արդյոք որևէ բան, որը նա չի հաղթել»,– Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։
Հիշեցնենք, որ Զլատանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է «Միլանի» կազմում՝ 2023 թվականին, 41 տարեկանում։