Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր քանդել են Սարյան պուրակում՝ Զորյան 1/1 հասցեում գտնվող սրճարանը։ Քայլը քաղաքապետարանը հիմնավորում է այն հանգամանքով, որ շինությունը ինքնակամ է կառուցված և գտնվում է համայնքային հողի վրա։
Սրճարանի տնօրեն Նարինե Վարդանյան ABC media-ի հետ զրույցում պատմել է, որ օբյեկտը գործում է 1996 թվականից։ Նա նշել է՝ 2015 թվականին վարձակալության պայմանագիրը ավարտվել է, սակայն կողմերը պայմանավորվել են այն երկարաձգել: Այդ ժամանակ քաղաքապետարանն առանց տեղեկացնելու վերցրել է պայմանագիրը և համարել այն անվավեր։ Վարդանյանի խոսքով՝ նրանք դիմել են դատարան, և դատարանը գտել է, որ կոնկրետ խախտումներ են եղել, ինչի արդյունքում պայմանագիրը երկարացվել է։
Վարդանյանի խոսքով՝ նոր իշխանությունների՝ 2021-ին պայմանագիրը չերկարացնելու որոշումից հետո սկսվել է նոր դատական գործընթաց։ Պայմանագիրը դեռևս գրանցված է կադաստրում և իրավական ուժը կորցրած չէ։
«Երեկ երեկոյան քաղաքապետարանը որոշում կայացրեց և այսօր առանց տեղեկացնելու եկան ու քանդեցին։ Մեզ զանգահարել են տարածքում գտնվող ծաղկի խանութից և ասել, որ այսպիսի բաներ են կատարվում։ Մենք մոտ 250,000 դոլարի գույք ունեինք։ Դիմելու ենք դատարան, վարչապետին, եթե պետք լինի՝ մինչև Եվրոպական դատարան։ Սենց հեշտ չի մարդկանց տեռորի ենթարկել», – նշում է Վարդանյանը։
Դեպքի վայրում Նարինե Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան օգնություն ցուցաբերելու համար կանչվել է շտապ օգնություն։