
Վաղը՝ 16։30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Այս մասին սոցցանցում տեղադրված տեսաուղերձում ասել է ազգային բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։
«Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մեկ առանձին մարդու խնդիրը չէ։ Խնդիրն այլ է, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը՝ ազա՞տ, թե՞ վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է մեզ բոլորիս, մեր պատվին»,-ասել է Տաթևիկը, հիշեցնելով, որ իր հայրը 121 օր կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։
«Մենք շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ ասում էր, երբ քարը մոռանում է, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերածել փոշու»,-ընդգծել է նա։