Tashir Arena-ն ներկայացնում է տարվա գլխավոր շոուն՝ «ETERNIA»-ն՝ տեխնոլոգիական, էմոցիոնալ, անմոռանալի

Tashir Arena մշակութային նոր համալիրի հանդիսավոր բացումից առաջ Alpha News-ը զրուցել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովի հետ։ Նա պատմել է «ETERNIA» շոուի մասին, ապագա ծրագրերի, հայկական մասնակցության և ժամանակակից, հումանիստական ներկայացում ստեղծելու սկզբունքային մոտեցման մասին։

«Վստահ եմ, որ ամեն ինչ կանցնի շատ գեղեցիկ, վառ և էմոցիոնալ։ Նախևառաջ՝ հանդիսատեսի, հայ հանդիսատեսի և մեր հյուրերի համար, ովքեր գալու են բացման օրը։ Եվ իհարկե, մեզ՝ ստեղծագործ թիմի ու այն արտիստների համար, որոնք արդեն գրեթե երկու տարի փորձեր են անում՝ սպասելով ծափահարությունների», – նշել է Կոլցովը։

Բացման գլխավոր իրադարձությունը կլինի թատերական-ցիրկային ներկայացումը՝ «ETERNIA»-ն, որում ներգրավված են տասնյակ արտիստներ, ակրոբատներ, երաժիշտներ ու տեխնիկական մասնագետներ։ Գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ սա կլինի կամերային, բայց տեխնոլոգիապես հագեցած ներկայացում՝ նախատեսված 2000 հանդիսատեսի համար։

«Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հանդիսատես զգա իրեն ինչպես փոքր ակուստիկ համերգում՝ լսի յուրաքանչյուր նոտան, յուրաքանչյուր ձայնը։ Որպեսզի դա լինի «համով» ու հետաքրքիր», – ընդգծել է նա։

Tashir Arena-ն նախագծվել է որպես բազմաֆունկցիոնալ հարթակ։ Արդեն պլանավորվում են միջոցառումներ 2026 և 2027 թվականների համար՝ համաշխարհային աստղերի համերգներից մինչև մանկական ծրագրեր և կորպորատիվ միջոցառումներ։

«Մարդիկ, որոնք մեկ անգամ լինում են մեր հարթակում, կրկին ընտրում են այն, որովհետև այստեղ ամեն ինչ կա՝ ձայն, լույս, կերպարանափոխություն, դահլիճի հարմարավետություն։ Մեզ մոտ չկա որևէ տեղ, որտեղից բեմը չերևա», – բացատրել է Կոլցովը։

Գլխավոր պրոդյուսերն առանձնահատուկ հպարտություն է զգում նախագծի միջազգային, բայց խորապես հայկական թիմի համար։

«Մեր հրաշալի կոմպոզիտոր Վալերի Տոլստովը հայ է, նա հասկանում է հայկական երաժշտության մշակույթն ու նրբությունները։ Շոուի գլխավոր հերոսուհին երգչուհի Նարինե Մադունցն է, նա ծնվել է Հայաստանում։ Ակրոբատ Արսեն Հովսեփյանը նույնպես հայ է։ Մեզ մոտ նվագախումբն ամբողջությամբ հայ երաժիշտներից է, և ամբողջ տեխնիկական թիմը կազմված է Հայաստանի մասնագետներից», — պատմել է նա։

Մեկ այլ սկզբունքային որոշում էր՝ շոուում կենդանիների չներգրավելը։ Կոլցովի խոսքով՝ դա պայմանավորված է թե՛ էթիկական, թե՛ իրավական պատճառներով։

«Մենք ժամանակակից և հումանիստ թիմ ենք։ Շոուն կառուցված է մարդկանց, նրանց տաղանդի վրա, այն բանի վրա, թե ինչպես են նրանք աշխատում ֆիզիկայի օրենքներին հակառակ։ Մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ կարևոր է հարգանքը՝ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների հանդեպ։ Հայաստանում գործում է օրենք, որն արգելում է վայրի կենդանիների մասնակցությունը շոուներում։ Մենք դրան հետևում ենք», – ընդգծել է գլխավոր պրոդյուսերը։

«ETERNIA»-ն ոչ միայն պրեմիերա է, այլև մշակութային հայտարարություն, որը բացում է նոր էջ Հայաստանի կյանքում։

Leave a Comment