Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Նա իր օրհնությունն ու քաջալերանքն է  բերել քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից

   Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։


«Նա իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ նախօրեին բերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և քահանաներ Տեր Փառենը, Տեր Մանուկը, տեր Հայկը, տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը, Տեր Հայկ Քոչարյանը, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոշ քահանաներ ազատ են արձակվել, ունեն վկայի կարգավիճակ։


Այնուհետև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվել։   Ինչպես նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը, մեղադրանքն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքին խոչընդոտելուն:


Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։


 


Leave a Comment