Կոտայքում սպանված կինը բժշկուհի էր, ունի 1 աղջիկ․ մանրամասներ՝ Արամուսում սարսափելի սպանությունների դեպքից

Արամուսում օրեր առաջ հարևան ամուսիններին դաշտում սպանելուց հետո նույն անձը մեկ այլ հատվածում ևս 2 հոգու էր սպանել և առևանգելով  նրանց ավտոմեքենան՝ փորձել  էր փախուստի դիմել


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի մարզի Արամուս գյուղում օրեր առաջ հարևան ամուսիններին դաշտում սպանելուց հետո նույն անձը մեկ այլ հատվածում ևս 2 հոգու էր սպանել և առևանգելով  նրանց ավտոմեքենան՝ փորձել  էր փախուստի դիմել։


NEWS.am-ին հայտնի դարձավ, որ սպանվածներից մեկը Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ 44-ամյա Մարինե Հայրապետյանն էր։ Վերջինս բժշկուհի էր, ապրում և աշխատում էր  Երևանում։


Քարագլխի վարչական ղեկավար Ժորա Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարինեն այդ օրը Կոտայքի մարզ էր գնացել հողատարածք ձեռք բերելու նպատակով։ 


«Մարինեի ծնողները մեր համագյուղացի են, սակայն երկար տարիներ առաջ տեղափոխվել և  ապրում են ՌԴ-ում, Մարինեն այնտեղ էր ծնվել, բայց  հետո տեղափոխվել  էր Հայաստան,  սովորել էր Երևանի պետակա բժշկական համալսարանում, ապրում և աշխատում էր Երևանում, բժշկուհի էր։ Մարնեն ամուսնացած էր, դպրոցական տարիքի 1 աղջիկ ունի։ Ինքը շատ հոյակապ մարդ էր։


Ինչ վերաբերում է ողբերգական դեպքին, լսել եմ, որ այդ օրը գնացել էին հողատարածք գնելու, վարորդն էլ իր ընկերներից է եղել, հստակ չեմ կարող ասել, թե ով է եղել։ Խոսակցություններ կան, որ այդ մարդասպանը մեքենան է պահանջել, չեն տվել, նա էլ կրակել է», – նշել է Գասպարյանը։


Գասպարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ Մարինեի ընտանիքը բնակվում է ՌԴ-ում, նրա մարմինը տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն․


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:


Դրանից հետո Թ.Հ.-ն Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:


Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:


Որոշում է կայացվել քրեական վարույթները 1 վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։


Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում:


Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):

Leave a Comment