Սաղմոսավանքի հոգևոր հովիվն ազատ է արձակվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, որը բերման էր ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ազատ է արձակվել։ 

Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո նա պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։ Նրա խոսքով՝ նա ազատ է արձակվել, գնում է տուն և իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ 

Հոկտեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայ Առաքելական եկեղեցու 6 հոգևորական բերման է ենթարկվել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ բերման են ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նույն թեմի ևս 5 հոգևորականներ՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։ 

Հոգևորականներին բերման ենթարկելու լուրերին արձագանքել էր նաև ՀՀ քննչական կոմիտեն։ «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված էր Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ։ 

Leave a Comment