Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը․ Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը, բայց դա իմ խաղացողի սխալն էր։ Դա նաև իմ սխալն էր։ Ես եմ գլավոր մարզիչն ու պատասխանատու եմ իմ խաղացողների հետ կատարվածի համար։

Ներողություն եմ խնդրում, քանի որ երկրպագուները մեզնից միավորներ էին սպասում։ Ինչ-ինչ պատճառներով չկարողացանք միավորներ վաստակել երկու խաղում։ Ամեն դեպքում, հպարտ եմ իմ թիմով»,- ասել է Մելիքյանը։

Հայաստանի հավաքականն Իռլանդիայի ընտրանու դեմ հանդիպման 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի ընտրանու դեմ։

 

Leave a Comment