Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան 4-րդ նրբանցքի 48 տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի Դերժավայի Արկադիի տան մոտ:
Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը Դերժավայի Արկադիի տղան է: Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակներում այս պահին ձերբակալված է 10 անձ։