«Ես ոգեշնչվում եմ հայերի դիմացկունությամբ և ստեղծագործականությամբ, որն արտահայտվում է և՛ բիզնեսում, և՛ մշակույթում, և՛ առօրյա կյանքում»․ Էլիզաբետտա Ֆալչետ

«Ես  ոգեշնչվում եմ հայերի դիմացկունությամբ և ստեղծագործականությամբ, որն արտահայտվում է և՛ բիզնեսում, և՛ մշակույթում, և՛ առօրյա կյանքում»․ Էլիզաբետտա Ֆալչետ

Հայաստանն այսօր և ապագայում․  մեր երկիրը բավականաչափ դիմակայո՞ւն է տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական մարտահրավերներին դիմագրավելու համար։ Մի շարք հետաքրքիր և կարևոր հարցերի շուրջ ejc.am-ի բացառիկ հարցազրույցը ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի գծով կառավարիչ տնօրեն տիկին Էլիզաբետտա Ֆալչետի  հետ։

-Տիկին  Ֆալչետ, անցած տարի այցելեցիք Հայաստան, արդյո՞ք երկրում փոփոխություններ և զարգացումներ նկատեցիք։

– Այո՛, դա իմ երկրորդ պաշտոնական այցն էր Հայաստան, սակայն մի քանի տարի առաջ Հայաստան այցելել եմ նաև որպես զբոսաշրջիկ, և այն, ինչն ամենից շատն է տպավորում, ամենուր նկատվող շոշափելի առաջընթացն է։ Վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ձևավորելով բարեփոխումների հիմքերը, որոնք տեսանելիորեն արդիականացնում են երկրի տնտեսությունը։ Դա տեսանելի է ենթակառուցվածքներում, ինչպես օրինակ՝ նոր ճանապարհներում, բարեկարգված փողոցներում, վերականգնվող էներգիայի կիրառման մեջ, ինչպես նաև արդիականացված մունիցիպալ ենթակառուց-վածքներում։ Այս անգամ նաև այցելեցի Գյումրի, որտեղ եղա «Իմփաքթ Հաբ»-ում՝ ավելի մանրամասն ծանոթանալու ներառականությանն առնչվող հարցերին և փախստականների ինտեգրման մարտահրավերներին։ Քաղաքը կտրուկ փոխվել է և վերածվում է աշխույժ զբոսաշրջային ուղղության։ Նաև ցանկանում էի անձամբ տեսնել Գյումրիում փողոցների վերականգնման մեր ծրագրի ազդեցությունը, որի շրջանակում աջակցել ենք փողոցային լուսավորության և ճանապարհային անվտանգության համակարգերի ներդրմանը։ Ճանապարհորդության ընթացքում ուրախությամբ նկատեցի առանձնատների տանիքներին տեղադրված բազմաթիվ արևային վահանակներ և տպավորված էի ճանապարհային ենթակառուցվածքի բարձր որակով։

Այսպիսով, այո՛, շոշափելի և դրական զարգացումներ եմ նկատում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, ինչպես նաև ընդհանոււր տնտեսության մակարդակում։ Առաջընթացը տեսանելի է նաև ֆինանսական հաստա-տությունների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև ձեռնարկատիրության աճի իմաստով, որն ի սկզբանե եղել է Հայաստանի հզոր հենասյուներից մեկը։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ՎԶԵԲ-ը կարևոր դեր է ունեցել այս զարգացումների խթանման գործում։ Հայաստանի զարգացումն այսօր արդեն առօրյա իրականություն է՝ ավելի լավ հնարավորությունների, ամուր հաստատությունների և տնտեսության իմաստով, որը դարձնում է ավելի կանաչ, առավել դիմակայուն, ներառական և ավելի ամուր կերպով կապակցված արտաքին աշխարհի հետ։

– Մի փոքր կպատմե՞ք «Փախստականների արձագանքման պատուհանի» մասին։ Ինչպե՞ս է այն, ֆինանսների հասանելիության իմաստով, լուծում փախստականների առջև ծառացած խնդիրները։

-Ծրագիրը մշակվել է ներառականության սկզբունքը հաշվի առնելով։ Այս ծրագրի միջոցով աջակցվող բոլոր նախագծերը ստեղծում են աշխատատեղեր և ծառայություններ, որոնք օգտակար են թե՛ փախստականների, թե՛ հյուրընկալող համայնքների համար։ «Փախստականների արձագանքման պատուհանը» (Refugee Response Window) ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնություն է, որը նպատակ ունի խթանել փախստականների սոցիալական և տնտեսական ինտեգրումը։ Ֆինանսավորման հասանելիություն, ռիսկերի համատեղման մեխանիզմներ և հարմարեցված կարողությունների զարգացման հնարավորություններ տրամադրելով՝ ծրագիրը ձևավորում է տնտեսական մի շարք խթաններ, որոնք փախստականներին հնարավորություն են տալիս բիզնեսներ ստեղծել, աշխատանք գտնել և կայուն կյանք կառուցել։

Սա ոչ միայն փոխակերպում է նրանց կենսապահովման հնարավորություններն, այլև նոր հնարավորություններ է ստեղծում տեղական համայնքների համար։ Երբ առաջիկա տարիներին բազմաթիվ նման ծրագրեր իրականացվեն, դրանք մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենան Հայաստանի հասարակության և տնտեսության վրա։ Օրինակ՝ երբ փախստական ձեռներեցը ծրագրի աջակցությամբ բիզնես է բացում, աշխատանքի են ընդունվում տեղական բնակիչներ, և նոր ապրանքներից ու ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռնվում ավելի մեծ համայնքին։ Սա օգնում է նվազեցնել լարվածությունը, ամրապնդել վստահությունը և խթանել սոցիալական համերաշխությունը։

Ծրագիրը լայն ընդգրկում ունի, սակայն, հատկապես, զգալի ազդեցություն է ունենում գյուղատնտեսության, փոքր արտադրության և ծառայությունների ոլորտներում։ Շատ փախստականներ հենց այս ոլորտներում հմտություններ ունեն։ Վարկավորմամբ, մենթորությամբ և տեխնիկական գիտելիքների միջոցով նրանց աջակցելով՝ ծրագիրը նպաստում է գյուղական տնտեսությունների վերակենդանացմանը, պարենային անվտանգության բարելավմանը և Հայաստանի համար անհրաժեշտ նոր բիզնես հնարավորությունների ստեղծմանը։

Փախստականները հաճախ չունեն գրավի առարկա կամ վարկային պատմություն, ինչի պատճառով ավանդական վարկերը նրանց համար հասանելի չեն։ «Փախստականների արձագանքման պատուհանը» վերացնում է այս խոչընդոտները՝ խթանող դրամաշնորհներ տրամադրելով, որոնք բանկերին խրախուսում են վարկավորել փախստականների կողմից ղեկավարվող բիզնեսներին։ Ծրագրի կենտրոնում նաև կին ու երիտասարդ փախստականներն են։ Ծրագրով նպատակային ուսուցում է առաջարկվում՝ երիտասարդներին մասնագիտական հմտություններով զինելու համար, որպեսզի հաջորդ սերունդն ունենա աշխատանքի և ինքնուրույն կյանքի ուղիներ։

Մյուս քայլերը ներառում են ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնումը և համագործակցության խորացումը տեղական բանկերի հետ՝ կայուն և երկարաժամկետ ազդեցություն ապահովելու նպատակով։

-ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն շատ տարիներ։ Ինչպե՞ս կբնութագրեք բանկի դերը երկրի տնտեսության մեջ։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է։ Մենք շուրջ 2.5 միլիարդ եվրո են ներդրել հարյուրավոր ծրագրերի շրջանակներում՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ բանկային համակարգից և ենթակառուցվածքներից մինչև վերականգնվող էներգետիկա և փոքր բիզնեսներ։ Մեր դերը միայն ֆինանսավորում ապահովելը չէ, նաև նպաստում ենք միջազգային լավագույն փորձի ներդրմանը, կառավարման համակարգերի ամրապնդմանը և համաշխարհային շուկաներին Հայաստանի տնտեսության ինտեգրմանը։

Մեր ներդրումային պորտֆելը բազմազան է։ Ենթակառուցվածքների ոլորտում մեր ֆինանսավորումը նպաստել է ճանապարհների, վերականգնվող էներգետիկայի և համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Մասնավոր հատվածում աջակցել ենք ագրոբիզնեսին, արտադրական և ՏՏ ընկերություններին, իսկ տեղական բանկերի հետ մեր համագործակցությունը բարելավել է հազարավոր ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը։ Բացի այդ, առաջատար դեր ենք խաղում «կանաչ անցման» գործընթացում՝ զգալի ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունա-վետության ոլորտներում։

Մեր ամենաուժեղ գործընկերություններից մեկը Հայաստանի ֆինանսական կառույցների հետ է։ Տեղական բանկերի միջոցով ֆինանսավորում ենք տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, ֆերմերային տնտեսություններին և ձեռնարկատերերին, ովքեր հակառակ դեպքում գուցե ֆինանսավորման հասանելիություն չունենային։ Նաև ներդնում ենք ռիսկերը կիսելու մեխանիզմներ, տեխնիկական աջակցություն և մասնագիտական գիտելիքեր (know how), որպեսզի ֆինանսական հատվածը մնա դիմակայուն, թափանցիկ և ներառական։ Փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության ողնաշարն են։ Մեր ծրագրերի շնորհիվ հազարավոր ՓՄՁ-ներ հնարավորություն են ստացել օգտվելու ֆինանսավորման, խորհրդատվական ծառայությունների և ուսուցման հնարավորություններից։ Սա տեղական ընկերություններին թույլ է տվել արդիականացնել իրենց գործունեությունը, ներդնել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել արտահանումը և ստեղծել նոր աշխատատեղեր։ Շատ բիզնեսներ, որոնց աջակցել ենք տասը տարի առաջ, այժմ առաջատար արտահանողներ և խոշոր գործատուներ են։ Մենք գործում ենք երկու մակարդակներում էլ։ Նաև կարևոր դերակատարություն ունենք բարեփոխումների իրականացման գործում։

Օրինակ՝ Հայաստանի ներդրումային խորհրդը (ՀՆԽ)՝ ՎԶԵԲ-ի և ՄԹ  կառավարության կողմից, կարևոր դերակատարություն ունի փոխվարչապետի գլխավորությամբ հանրային-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով օրենսդրական բարեփոխումների առաջխաղացման իմաստով։ Խորհուրդը կենտրոնանում է փորձագիտական վերլուծության և շահառուների ներգրավման միջոցով ՓՄՁ-ներին առնչվող կանոնակարգային խոչընդոտների նույնակա-նացման և լուծման վրա։ Ավելի քան 45 բարեփոխումներ են իրականցվել, որոնք կենտրոնանում են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են՝ ԱԱՀ հաշվետվողականության պարզեցումը, տրանսֆերային գնագոյացումը և ոլորտային կարգավորիչ բարելավումները։ Բացի այդ վերջերս մեկնարկել ենք Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը՝ ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ, որը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի տեղական կապիտալի շուկաները՝ աջակցելով պարտատոմսերի և բաժնետոմսերի կորպորատիվ թողարկողներին։

Ծրագիրը շատ կարևոր մարտահրավերներ է լուծում, ինչպիսիք են կապիտալի շուկայում ֆինանսավորման սահմանափակ փորձն ու թողարկման բարձր ծախսերը։ Այն առաջարկում է կարողությունների զարգացում, խորհրդատվական ծառայություններ և դրամաշնորհների համաֆինանսավորում այն ծախսերի համար, ինչպիսիք են իրավաբանական և ցուցակագրման վճարները։ Իրականացնելով այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Galt & Taggart-ը և Ameria Advisory-ն, Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը ներառում է նաև ախտորոշումներ, աշխատաժողովներ և հատուկ առցանց հարթակ՝ թողարկման գործընթացում ընկերություններին ուղղորդելու համար։ Ուստի ինչպես տեսնում եք, մի կողմից ֆինանսավորում ենք ենթակառուցվածքային պետական, խոշոր նախագծեր, որոնք բարելավում են կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը և ջրամատակարարումը։ Մյուս կողմից, աջակցում ենք անմիջականորեն փոքր ձեռնարկություններին, կին ձեռներեցներին և մարզային գյուղատնտեսներին։ Այս հավասարակշռությունն ապահովում է, որպեսզի զարգացումը ներառական լինի՝ հասնելով թե՛ մեծ քաղաքներին, թե՛ հեռավոր գյուղական համայնքներին։

-Հայաստանը կանգնած է տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական մարտահրավերների առջև։ Ի՞նչ եք կարծում, արդյոք այն բավականաչափ դիմակայու՞ն է՝ հետագա մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

-Կարճ պատասխանը՝ այո։ Հայաստանը զգալի դիմակայություն ունի, և այն ցուցադրել է վերջին 5 տարիների ընթացքում, սակայն այն լիովին պաշտպանված չէ։

Հայաստանն էապես ավելի դիմակայուն է տարածաշրջանային ցնցումների նկատմամբ, քան նախկինում։ Սակայն դեռևս անհրաժեշտ է շարունակական զգոնություն, արտահանման դիվերսիֆիկացման արագացում, էներգետիկ անկախություն/անվտանգություն և արտաքին աջակցություն, քանի որ աշխարհաքաղաքական և արտաքին պահանջարկի ռիսկերը բարձր են։

Հայաստանը զգալի ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացրել, որոնք նպաստել են տնտեսական և քաղաքական ցնցումները կլանելու կարողությունների և ներդրողների վստահության բարձրացմանը։ Կենտրոնական բանկի զգուշավոր քաղաքականությունը և լավ կապիտալացված բանկային ոլորտը նվազեցնում է հավանականությունը, որ ռեգիոնալ ցնցումը ներքին ֆինանսական ճգնաժամի կվերաճի։

Մեր աջակցությունը հետևողականորեն հարմարեցրել ենք Հայաստանի կարիքներին՝ թե՛ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, համավարակի և թե՛ վերջերս փախստականների ներգաղթի շրջանում։ Ֆինանսավորումը, քաղաքական երկխոսությունը և տեխնիկական համագործակցությունը համակցելով՝ Հայաստանին օգնեցինք ամրապնդել կառույցները, դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը և պահպանել մրցունակությունը շատ դժվարին միջավայրում։

Նաև մասնավոր հատվածի դինամիկա ենք նկատում։ Հայաստանյան  ձեռնարկատերերը դիմակայության հիմնական ուղին են հանդիսանում. փոքր և միջին ձեռնարկությունները բազմաթիվ են, հաճախ արդյունավետ և արագ հարմարվում են բիզնես մոդելներին (արտահանման դիվերսիֆիկացում, թվայնացում, ծառայություններ)։ Հայաստանի տնտեսությանն աջակցում է կենսունակ մասնավոր հատվածը, որին աջակցում են ՎԶԵԲ-ի ներդրումները փոքր և միջին ձեռնարկություններում, առևտրի ֆինանսավորման և ձեռներեցության ոլորտներում։ Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից կատարված 2,5 մլրդ եվրո կուտակային ներդրումների ավելի քան 83%-ը ուղղվել է մասնավոր հատվածին։

Ռազմավարական նախագծերը, ինչպիսիք են Սիսիան-Քաջարան ճանապարհը, սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը և Սյունիքում ու Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոնները, բարձրացնում են Հայաստանի առևտրային կապակցվածությունն ու արտահանման հնարավորությունները։

Հայաստանը նաև արագացնում է «կանաչ տնտեսության» անցումն այնպիսի  նշանակալի նախագծերով, ինչպիսին է «Մասրիկ» արևային էլեկտրակայանը, որը Կովկասում առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանն է։  

-Հայացքն ապագային ուղղելով՝ որո՞նք են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթությունները հաջորդ տասնամյակում։

-ՎԶԵԲ-ը շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ներդրումների և քաղաքական երկխոսության միջոցով։

Մեր ռազմավարության առաջին առաջնահերթությունը մասնավոր հատվածի ներառականության և մրցունակության բարձրացումն է՝ ֆինանսական միջնորդությունը բարելավելու, ՓՄՁ-ներին, ինչպես նաև փախստականներին ու հյուրընկալող համայնքներին նպատակային աջակցություն տրամադրելու և առևտրի դիվերսիֆիկացումը խթանելու միջոցով։

Երկրորդ առաջնահերթությունը ներդրումներն են կայուն ենթակառուցվածքներում՝ կանաչ տնտեսության անցման գործընթացն արագացնելու նպատակով։ Դա կներառի էներգաարդյունավետության նախաձեռնությունների ֆինանսավորումը, ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրի ընդլայնումը և էներգետիկ անվտանգության ամրապնդումը՝ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի լուծումներին։

Ծրագրում ենք ընդլայնել ներդրումները վերականգնվող էներգիայի, կայուն տրանսպորտի և կլիմային դիմակայության ոլորտներում, ինչպես նաև աջակցել Հայաստանի աճող տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգին։ Միևնույն ժամանակ, շարունակելու ենք աջակցել ՓՄՁ-ներին, կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, ինչպես նաև ծրագրերին, ինչպես օրինակ՝ «Փախստականների արձագանքման պատուհանի» մեխանիզմին, որպեսզի աճի օգուտները հասանելի լինեն հասարակության բոլոր շերտերին։

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, տարածաշրջանային կապակցվածության հնարավորությունների հետ մեկտեղ, դիտարկվում են որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և աճի կատալիզատոր: ՎԶԵԲ-ը սա դիտարկում է որպես հնարավորություն՝ ենթակառուցվածքների զարգացման և առևտրի խթանման գործում իր ներգրավվածությունը խորացնելու համար:

-Եվ վերջին հարցը՝ ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս կամ առավել գրավում Հայաստանում։

-Ինձ ամենաշատը դուր է գալիս, որ Հայաստանը միաժամանակ հին և երիտասարդ է։ Պատմությունն ամենուրեք է, սակայն կա նաև ապագայի համար հսկայական էներգիա։ Ես նաև ոգեշնչվում եմ հայերի դիմացկունությամբ և ստեղծագործականությամբ, որն արտահայտվում է և՛ բիզնեսում, և՛ մշակույթում, և՛ առօրյա կյանքում։

-Շնորհակալություն այս շատ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ ամենայն հաջողություն և սպասում Ձեր հաջորդ այցին Հայաստան։

Շնորհակալություն։

Leave a Comment